Արմեն Աշոտյան․ «Փաշինյանի օրոք խաղաղության մասին կարելի է մոռանալ»

Արմեն Աշոտյան.
«Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումների մոլեգնող ալիքը բոլորին է հասնում։ Սերժ Սարգսյանը, ինչպես իր կուսակից մյուս ընկերները, հայտնվել են տարբեր քաղաքական և շինծու քրեական գործերի մեջ»։

Այս մասին նոյեմբերի 5-ին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Աշոտյանի խոսքով՝ հակաժողովրդավարական զարգացումները Հայաստանում կարելի է կանխել երկու ձևով․

  1. Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելով (բայց դա դեռ չի ստացվում),
  2. Դրսի՝ միջազգային ճնշումներով, որոնք, սակայն, այս պահին չեն լինի, քանի որ Արևմուտքը գործում է կրկնակի ստանդարտներով և Փաշինյանին հանդուրժում է՝ իր շահերին ծառայելու պատճառով։

Նա նաև նշեց, որ Բրյուսելում կայացած ԵՄ ընդլայնման գագաթնաժողովում Հայաստանի մասին որևէ հիշատակում չի եղել, ինչը, իր խոսքով, ապացուցում է, որ իշխանությունների խոստումները ԵՄ-ին անդամակցելու մասին «անհիմն են»։

«Եվրոպական հեքիաթը, որը պատմում են հայաստանցիներին, Հայաստանի սահմաններից դուրս փուչիկ է՝ նիկոլական հերթական փուչիկ։ Երեքուկես ժամ տևած գագաթնաժողովում անգամ մեկ անգամ չեն հիշատակել Հայաստանի անունը»,– ասաց նա։

Աշոտյանը եզրափակեց՝
«Հայաստանը իր աշխարհագրական դիրքով չի կարող ինտեգրվել ԵՄ-ին։ Բայց ինձ թվում է՝ մենք ավելի շուտ կմտնենք Եվրոպական միություն, քան Նիկոլ Փաշինյանը իր օրակարգով մեզ խաղաղություն կբերի։ Եթե նա մնա իշխանության, խաղաղության մասին կարելի է մոռանալ»։

Տեսանյութը 24news-ից՝

Leave a Comment